«Իրատեսի» հյուրը ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ ՍԱՐԻՆԱ ԱՎԹԱՆԴԻԼՅԱՆՆ է: Նա հեղինակն է և գեղարվեստական ղեկավարը սեպտեմբերի 1-ին Շուշիում կայացած «Սասունցի Դավիթ» օպերայի բացօթյա ներկայացման, որը սեպտեմբերի 9-ին Ա. Սպենդիարյանի ավան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ըմբոշխնելու հնարավորությունը կունենա նաև մայրաքաղաքի հանդիսատեսը:
«ՄԵՆՔ ԳՈՐԾ ՈՒՆԵԻՆՔ ՄԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՀԵՏ, ՈՐԸ ԵՐԲԵՔ ՉԷՐ ԲԵՄԱԴՐՎԵԼ»
-Տիկին Սարինա, «Սասունցի Դավիթ» օպերայի ներկայացման փաստն ինքնին իրադարձություն է, սակայն այն նաև անդրադարձ է այլ իրադարձությունների: Խոսենք այս մասին:
-«Սասունցի Դավիթ» օպերայի երաժշտության հեղինակն է Հարո Ստեփանյանը, լիբրետոյի հեղինակը՝ Դերենիկ Դեմիրճյանը: Այս տարի լրանում են Շուշիի ազատագրման 25, Հարո Ստեփանյանի 120 և Դերենիկ Դեմիրճյանի 140-ամյակները: Ներկայացումը նվիրվում է Արցախի անկախության օրվան և այս երեք հոբելյաններին: Հարո Ստեփանյանի երկրորդ օպերան է «Սասունցի Դավիթը», գրվել է 1936-ին: Այն կոմպոզիտորի տուրքն է ազգային էպոսի 1000-ամյակի տոնակատարությանը: Օպերայում ընդհանրացնող մեծ ուժով արտացոլվել են հայ ժողովրդի ազատատենչ ձգտումները, հայկական հնագույն առասպելները: «Սասունցի Դավիթ» օպերան չի բեմադրվել, սակայն որոշ համարներ (նախաբանը և վերջաբանը) համերգային կատարմամբ հնչել են Երևանում ու Մոսկվայում (1935-ին՝ դիրիժոր Ա. Մելիք-Փաշաևի, իսկ 1944-ին՝ դիրիժոր Մ. Թավրիզյանի ղեկավարությամբ):
-Ինչպե՞ս կատարվեց օպերայի ընտրությունը:
-Արդեն երրորդ տարին է, որ Շուշիում սեպտեմբերի 1-ին՝ Արցախի անկախության օրվան նախորդող երեկոյան, ունենում ենք օպերային ներկայացում: Ներկայացումները արմատներով արցախցի կոմպոզիտորների ստեղծագործությունների հիման վրա են ստեղծվում, անշուշտ, եթե կան այդպիսիք: Այն, ինչ արվում է Արցախի ազատագրության օրվա առթիվ, մեծ առումով նվիրվում է հայ արվեստին: Նախորդ տարիներին արդեն բեմադրել ենք Անդրեյ Բաբաևի «Արծվաբերդ», Ավետ Տերտերյանի «Կրակե օղակ» օպերաները: Այս տարվա համար փնտրում էի նախորդներին նման որևէ հայրենասիրական օպերա: Փնտրելով հասա Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան, սկսեցի ուսումնասիրել ծնունդով գանձակցի կոմպոզիտոր Հարո Ստեփանյանի արխիվը՝ նախապես իմանալով, որ նա ունի «Սասունցի Դավիթ» օպերա: Գտա օպերայի ձեռագիր պարտիտուրան: Այս օպերան երբեք չէր բեմադրվել, անգամ նոտաները տպագրված չէին. մեզ սպասում էր բավականին ծանր աշխատանք:
«ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԻԹԸ» ՀԱՐՈ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ ԵՎ ԴԵՐԵՆԻԿ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱՏԵՂ ԱՇԽԱՏԱՆՔՆ ԷՐ ՕՊԵՐԱՅԻՆ ԺԱՆՐՈՒՄ»
-Հատկանշական է, որ օպերայի լիբրետոյի հեղինակը նույնպես մեր ազգի մեծերից է, և Հարո Ստեփանյանի հետ մինչ այդ արդեն ունեցել էր մեկ այլ համագործակցություն. Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազար» թատերգության հիման վրա Հարո Ստեփանյանը գրել էր համանուն օպերան, որը բեմադրվել էր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում:
-Այո՛, «Սասունցի Դավիթը» Հարո Ստեփանյանի և Դերենիկ Դեմիրճյանի երկրորդ համատեղ աշխատանքն էր օպերային ժանրում: Իսկ մինչ այդ բեմադրված «Քաջ Նազարը» Մոսկվայում կայացած տասնօրյակի ժամանակ ունեցել է մեծ հաջողություն և առանձնացվել տարբեր ազգերի օպերաների շարքում՝ իբրև նշանակալի ստեղծագործություն: Այդ օպերայի մասին գրվել է «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթում, ինչն այն օրերի համար մեծ իրադարձություն էր: Օպերայի գրական հենքը՝ էպոսը, ոչ միայն ազգային, այլև համաշխարհային արժեք ունեցող գործ է: Եվ պատահական չէ, որ լիբրետոն գրելու առաքելությունն ստանձնել է այնպիսի մեծություն, ինչպիսին Դերենիկ Դեմիրճյանն է: Բացի էպիկական ժանրի գրող լինելուց, նա հումորի սուր զգացողություն ուներ և շատ հետաքրքիր անձնավորություն էր: Կարծում եմ, որ շատ ճիշտ էր նրա և Հարո Ստեփանյանի համագործակցությունը: Հարո Ստեփանյանը լուրջ կրթություն էր ստացել: Երաժշտության մեջ բառի և խոսքի այն համադրությունը, որն ստեղծել է Հարո Ստեփանյանը, համարվում է գլուխգործոց մեր երաժշտության պատմության մեջ: Կոմիտասի, Ռոմանոս Մելիքյանի հետևորդն է նա, վերջինիս մոտ նաև սովորել է: Սովորել է նաև Մոսկվայում՝ Գնեսինի մոտ, Լենինգրադում՝ Շչերբաչովի մոտ: ՈՒսանել է նաև Քրիստափոր Քուշնարյովի մոտ, նրա ղեկավարությամբ մասնակցել ժողովրդական մեղեդիների հետքերով կազմակերպված մեծ արշավանքների, որպիսիք հետո ինքն էլ է նախաձեռնել և ղեկավարել: Օպերայում առկա է 17 մենակատար: Այստեղ վերամբարձ ոճի տեքստ է, պատմողական բնույթի: Շատ մեծ տեղ ունի օպերայում ժողովրդի կերպարը: Հռետորական շեշտվածություն ունի երաժշտությունը, որը պայմանավորում է երգչախմբի հզորությունը: Շատ ակտիվ է գործողությունների ընթացքը: Խոր երաժշտություն է, որի հիմքում աշուղական ավեստն է: Հարո Ստեփանյանը գտել է երաժշտական այն ճիշտ բնութագիրը, որը կարող է լինել ազգայինի հիման վրա: «Սասունցի Դավիթ» օպերան երևույթ է հայ օպերային արվեստի զարգացման համապատկերում: Էդվարդ Միրզոյանն իրավացիորեն ասում էր, որ Հարո Ստեփանյանի երաժշտությունն ապագային երաժշտությունն է: Հարո Ստեփանյանն ու Դերենիկ Դեմիրճյանը կատարյալ գործ են ստեղծել: Շուշիում կայացավ օպերայի համաշխարհային պրեմիերան: Դա շատ հուզիչ էր, պատասխանատու, մեզ համախմբում էր մի մեծ գաղափարի շուրջ:
-Այսքան մեծ աշխատանք է կատարվել: Շուշիի բացօթյա ներկայացումից և մեր օպերային թատրոնի առաջիկա ներկայացումից հետո «Սասունցի Դավիթը» կընդգրկվի՞ թատրոնի խաղացանկում, հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա՞ այն տեսնելու նաև հետագայում:
-Նախորդ նախագծերը չեն կրկնվել, իսկ այս նախագիծը մենք իրականացնում ենք օպերային թատրոնի նախաձեռնությամբ:
-Սովորաբար Շուշիում ներկայացումները բացօթյա են լինում, ի՞նչ հանդիսատես է գալիս դրանք դիտելու:
-Քանի որ դրանք կայանում են անկախության տոնի նախօրեին, այնտեղ սովորաբար ներկա են լինում ոչ միայն տեղացիներ, այլև տարբեր երկրներից ժամանած հյուրեր: Այդ օրերին հյուրանոցներում ազատ տեղ չի լինում:
«ՇՈՒՇԻՆ ԴԱՐԵՐ ՇԱՐՈՒՆԱԿ ԵՂԵԼ Է ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ ԵՎ ԱՅՍՕՐ ԷԼ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԻՐ ՇՈՒՐՋԸ ՀԱՎԱՔԵԼ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԳՈՐԾԻՉՆԵՐԻՆ»
-Որո՞նք են Ձեր ունեցած ամենամեծ դժվարությունը և ամենամեծ վայելքը այս գործի ընթացքում:
-Սա շատ նշանակալից աշխատանք է, որն ինձ մեծ հպարտություն և ուրախություն է պատճառում: Հեշտ չէր երբևէ չկատարված օպերան բեմ բարձրացնել, բայց և չէր կարելի նահանջել դժվարությունների առաջ: Աշխատանք էր, որն արվեց հանուն գաղափարի, առանց մտածելու դժվարությունների մասին: Դա մեծ պատասխանատվություն էր, և մենք աշխատել ենք գիշեր-ցերեկ՝ մեր ուժերի ներածի չափով: Շուշին դարեր շարունակ եղել է մշակութային կենտրոն և այսօր էլ շարունակում է իր շուրջը հավաքել մշակույթի գործիչներին: «Սասունցի Դավիթ» օպերայի պրեմիերան այդ քաղաքում պատահական չէր: Նախագծում ընդգրկված են տաղանդավոր մարդիկ. Սուրեն Շահիջանյանը, որ 20 տարի աշխատում է Ֆրանսիայում և հատուկ եկել է այս նախագծին մասնակցելու համար, խորեոգրաֆ Արսեն Մեհրաբյանը, որը 10 տարուց ավելի ապրում է Շվեդիայում, ռեժիսոր Արմեն Փիրի Մասիհին, որն Իրանից է, բայց արդեն 10 տարի ապրում է Հայաստանում, «Հովեր» երգչախումբը՝ Սոնա Հովհաննիսյանի ղեկավարությամբ, Ազգային ակադեմիական թատրոնի բալետային կազմը և նվագախումբը: Դավթի դերում Մկրտիչ Բաբաջանյանն է, որին հրավիրել ենք Գերմանիայից, Մսրա Մելիքի դերում՝ Հայկ Տիգրանյանը՝ մեր թատրոնից: Մասնակցում են հիանալի կատարողներ:
-Ձեր մտքում արդեն նախագծվա՞ծ է այս ձևաչափով հաջորդ ներկայացումը:
-Այս ներկայացումը բեմ բարձրացնելը հազարապատիկ ավելի ջանք պահանջեց ինձնից, քան նախորդ երկուսը: Խենթություն էր նման գործի նախաձեռնությունը, երբ անգամ տպագրված չէին օպերայի նոտաները: Ես երևի թե ավելի ուշ կմտածեմ հաջորդ ներկայացման մասին, իսկ հիմա կարծում եմ, որ մի քիչ հանգստի կարիք ունեմ:
«ՇԱՏ ՀԱՐՈՒՍՏ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԽՄԲԵՐԳԱՅԻՆ ԳՈՐԾԵՐ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՔ ՈՒՆԿՆԴՐՈՂՆԵՐԻ ՆԵՐԱՇԽԱՐՀԸ»
-Թեև այսօր խոսակցության հիմնական թեման «Սասունցի Դավիթ» օպերան է, բայց չեմ կարող չանդրադառնալ նաև Ձեր գործունեության մյուս ոլորտներին, մասնավորապես՝ «Սպեղանի» երգչախմբի գործունեությանը, որի գեղարվեստական ղեկավարն եք: Ո՞րն է այն ուղին, որով առաջ եք շարժվում այս դաշտում:
-Իհարկե, հայկական խմբերգային արվեստի զարգացման մեջ իր ներդրումն ունի «Սպեղանին»: Բազմաթիվ ելույթներ է ունեցել արտասահմանում իր գործունեության 20 և ավելի տարիների ընթացքում՝ ներկայացնելով ոչ միայն հայկական, այլև համաշխարհային խմբերգային արվեստի նմուշներ: Բարձր արվեստը չի կարող չլինել առաջնային: Ինչքան էլ զանազան նախասիրություններ ունենա այսօր հասարակությունը, միևնույն է, բարձր արվեստը մնում է առաջնային: Հատկապես խմբերգային արվեստը ամենահոգևորն է, ամենախորը: Շատ հարուստ պետք է լինի խմբերգային գործեր կատարողների և դրանք ունկնդրողների ներաշխարհը: Այսօր մի քիչ դադարի մեջ ենք՝ օպերայի վրա աշխատելուս պատճառով: Բայց շուտով երգչախումբը կվերսկսի ակտիվ գործունեությունը: Կոմիտասի թանգարան-ինստիտուտում իրականացնում ենք նախագիծ՝ «Երաժշտական երեքշաբթի» խորագրով, որի շրջանակներում վերջերս ներկայացրել ենք հայ կոմպոզիտորների մոռացված ստեղծագործությունները, անդրադարձել ենք Հարո Ստեփանյանի, Ռոմանոս Մելիքյանի, Անուշավան Տեր-Ղևոնդյանի, Արտեմի Այվազյանի, Ստեփան Նաղդյանի, այլոց երաժշտությանը: Սա ևս շատ կարևոր գործ է, որը կլինի շարունակական:
Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ